Եվրոպական հիդրոօթերևութաբանական ծառայության արբանյակը այս շաբաթ մի մեծ սպիտակ օղակաձև պատկեր է ստացել տիեզերքից: Չհայտնաբերված թռչող օբյեկտը մի քանի վայրկյան է հայտնվել ռադարներին: Սկզբում գիտնականները կարծել են, թե տեխնիկական խոտան է, հետո պարզվել է, որ արագ ընթացող մարմին է, ընդ որում, սա առաջին անգամ չէ, որ գիտնականները դա նկատել են: Չհայտնաբերված թչռող օբյեկտների կամ ՉԹՕ-ների մասին սկսեցին խոսել 20-րդ դարում: Ավելի շուտ, ոչ թե խոսել, խոսելը խոսում էին դարերով, այլ հանդես գալ հրապարակումներով և գիտական հոդվածներով: Ի վերջո, կա՞ արդյոք քաղաքակրթություն տիեզերքում մեզանից բացի, ովքե՞ր են ոչ սովորական ֆորմայով թռչող այն օբյեկտները, որ նման են ափսեների` այսօր դժվար է ասել` որն է լեգենդը, և որը իրականությունը: Սովորաբար ՉԹՕ-ների մասին ընդունված է կարդալ ռուսական կամ արևմտյան մամուլում: ՉԹՕ-ների մասին առաջին լուրջ գիտական քննարկումը տեղի է ունեցել հենց Բյուրականում` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախագահությամբ: Քննարկումը եղել է փակ, առանց լրագրողների, մի քանի արարողակարգային լուսանկարում և վերջ: Ու հենց այդ պահից Հայաստանում ձևավորվում է գիտնականների մի խումբ, որ սկսում է ուսումնասիրել մեր երկրում այն, ինչին ոչ ոք ոչ միայն ուշադրություն չէր դարձնում, այլև նույնիսկ լուրջ չէր ընդունում: Նելլի Հարությունյանն է փնտրել այլմոլորակայինների հետքերը հայոց աշխարհում:
Ուղիղ 18 հազար ժամ, ոչ ավել, ոչ պակաս: Ոտքը հողից կտրված, գլուխն ամպերում` Ռոբերտ Սուքիասյանը ողջ կյանքն անցկացրել է օդում: Գրեթե բոլոր թռիչքներն իրար նման են եղել: Միայն մեկը` Երևան-Մինվոդի չվերթը նրա համար մնաց առեղծված: Պարզկա գիշեր էր, երկնքում միակ օդանավն իրենցն էր, ուրիշը չկար ու նախատեսված էլ չէր, բայց հանկարծ հայտնվեց մեկը: Դիսպետչերն այդպես էլ ոչինչ չտեսավ:
— Ինքը ասում է` ոչինչ չկա, միայն դուք եք օդում: Ասում եմ, այ մարդ, մեզ վրա է գալիս: Հետո ինքը եկավ, նստեց մեր քթին, մեր առաջ այսինքն, մենք էլ ինջնում էինք, հետո տեսավ էլ բան չկա, էնպես փախավ,- հիշում է նախկին օդաչու Ռոբերտ Սուքիասյանը:
Ներքևում հինգհոգանոց անձնակազմին սպասում էին թռիչքների ղեկավարն ու երկու հոգի: Ովքեր էին նրանք, չներկայացան, միայն հարցուփորձ արեցին, ճշտեցին օդում կատարվածն ու հրահանգեցին` հինգ տարի չհրապարակել տեսածը:
Թռչող ափսեների, այլմոլորակայինների մասին հիշատակությունները մարդու չափ հին են, անջնջելի ու խորը: Դրանք հասնում են մինչև ժայռապատկերներ: Հայ նախամարդու իծագրերում դրանք ըստ Ռաֆիկ Բարոյանի` չափազանց շատ են: Մասնագիտությամբ պատմաբան Ռաֆիկ Բարոյանն ինստիտուտն ավարտելուց հետո նորից ուսումնասիրեց մարդկության պատմությունն ու հասկացավ. մենք միակը չենք տիեզերքում: Սկսեց հետքեր փնտրել: Ու գտավ:
— Պարզեցի, որ բոլոր էն հին տաճարները, որոնց դռները 10 մետր են, նախատեսված են 5 մետրանոց հասակ ունեցողների համար, իսկ մարդը չունի հինգ մետր հասակ,- ասում է Ռաֆիկ Բարոյանը:
Կարեն Թոխատյանը դեռ թխահեր էր, երբ սկսեց կուտակել հայկական ժայռապատկերների մասին տեղեկությունները: 79 թվականից շրջում է լեռներում ու դաշտերում, բայց թռչող ափսե դեռ չի տեսել: Ժայռապատկերներում` գուցե, բայց համոզված չէ:
— Այս պատկերն է շատ հետաքրքիր, նավակի նման մի առարկա, վրան կամ մեջը այծ, իսկ այծը երկնայինի խորհրդանիշն էր: Այս առարական, եթե թռչող սարք է, ապա երկնային է, և ներքևում արևը, գուցե ուզեցել են ասել, որ արևից բարձր է դա, շատ ավելի վերևից է եկել,- պատմում է Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի գիտաշխատող Կարեն Թոխատյանը:
Թռչող ափսեների նոր դարաշրջանն ու դրանց մասին խոսակցությունները սկսվում են 1947 թվականի հունիսի 24-ից: Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը հենց այդ օրը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ: Նա առաջինն էր, որ հրապարակային խոսեց այդ մասին: Նույն 47 թվականին էր, որ ամերիկյան Ռոուզվել քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը: Յութուբն այսօր ողողված է վթարված սարքում հայտնաբերված այլմոլորակայինի հերձման կադրերով: Միֆ է սա, բեմադրություն, ռազմական օդուժի անհաջող փորձ, թե իրական ՉԹՕ. վարկածները շատ են, ապացույցներն` անբավարար:
— Այդ ապարատների մեծ մասը պատրաստվել են երկրի վրա և բարձրացվել երկինք,- ասում է Կենսաքիմիական ինստիտուտի ավագ գիտաշխատող Գևորգ Գևորգյանը:
1940-50-ականներին ձևավորվեց ուֆոլոգիան` որպես էզոթերիկ գիտության մի ճյուղ: ՈՒՖՕ, ՉԹՕ-ի անգլերեն տարբերակն է: Դրանով զբաղվողները կոչվեցին ուֆոլոգներ: Թռչող ափսեների մասին լուրջ ուսումնասիրություններ անում էին ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում և մյուս հզոր երկրներում: Միայն թե այս ամենը հիմնականում գաղտնի էր պահվում` ռազմական ուժերի կամ հատուկ ծառայություների վերահսկողությամբ:
— Ամերիկայում ստեղծվեց ուֆոլոգիական հզոր կենտրոն, ինստիտուտ, որտեղ մինչև այսօր միլիոն փաստ չասենք, հաղորդագրություն է հավաքվել,- ասում է Հայակական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:
Մեկ միլիոնի 92 տոկոսը բացատրված է` մթնոլորտային երևույթներ, ռազմական օդանավեր, հրթիռներ: Մնացած 8 տոկոսը, այսինքն` 80 հազար դեպք մնում է չբացատրված: Բյուրականի աստղադիտարանի այս դահլիճում 40 տարի առաջ անցկացվեց առաջին միջազգային սիմպոզիումը այս թեմայով: Աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գիտնականները քննարկում էին արտաերկրային կյանքի խնդիրը, գիտական կոնֆերանսը փակ էր, լրագրողների մուտքն` արգելված:
— Հարցեր էին քննարկվում, ասենք` հանդիպեցինք այլ քաղաքակրթությունների, դա մեզ համար լավ է, վատ է: Կարող է թշնամաբար տրամադրված լինեին մեզ,- պատմում է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմլա Պարսամյանը:
Թռչող ափսեների հարցն այդ գիտաժողովում չի քննարկվել:
Հայաստանի ուֆոլոգիական կենտրոնը ստեղծվել է 1989 թվականին: Առաջին անգամ հենց այս դռների հետևում հավաքվեցին մարդիկ, որոնց միավորում էր մեկ բան` անհասկանալին ու չբացահայտվածը` չճանաչված թռչող օբյեկտներ, կենսաէներգետիկ դաշտեր, պարանորմալ երևույթներ: Կենտրոնն իր ակտիվ գործունեությունը դադարեցրեց 1994-ին:
— Մեր իմաստը որն էր, որ գիտական բացատրություն տայինք, իրենք գոյություն ունեն, թե չէ,- ասում է գիտաշխատող Լևոն Արարատյանը:
1989 թվականի գարնանը 111-րդ դպրոցի խաղահրապարակում աշակերտները տարօրինակ էակ են տեսել, ասում են` մոտ 3-մետրանոց այլմոլորակայինը նման չի եղել մարդու: Ուֆոլոգները նույնպես եղան դեպքի վայրում: Ռուսաստանից եկած մասնագետները Լևոն Արարատյանին սովորեցրել էին բիոլոկացիոն սարքով չափել էներգետիկ գոյացումները: Գիտնականը չափեց, հետո հողից նմուշ վերցրեց ու սերմ ցանեց: Այլմոլորակայինի տրորած հողը գրեթե անպտուղ էր:
Հայ ուֆոլոգները պատմում են, որ շուտով կենտրոնով սկսեցին հետաքրքրվել անվտանգության մարմինները: Գալիս էին, նստում հավաքներին, հարցուփորձ անում: Կենտրոնի հիմնադիր երկրաբան-ուֆոլոգ Հակոբ Տոնականյանի մահից հետո, կենտրոնը գործեց ևս մի քանի տարի ու ցրվեց: Չճանաչված թռչող օբյեկտների մասին շատ հարցեր մնացին անպատասխան:
Այժմ արդեն արտասովոր ոչ թե երևույթների, այլ սուբյեկտների` մարդկանց մասին: Արտասովոր ու բացահայտված: Ամենավերջին օրինակը` Ռուսաստանում բնակվող փոքրիկ աղջնակն է, ազգությամբ հայուհի Վերսավիան: Ռուս բժիշկները չեն կարողանում գտնել Վերսավիայի սրտի արատի բացատրությունը: Փոքրիկի սիրտը բաբախում է ոչ թե կրծքավանդակում, այլ դրանից դուրս՝ փորի վրա։ Օրգանը ոչնչով ծածկված չէ և գտնվում է ճիշտ հենց մաշկի տակ։ Սիրտը պաշտպանված չէ կրծոսկրով. մի փոքր անզգուշություն, և սիրտը կարող է վնասվել: Հենց այդ պատճառով երեխայի խաղալիքները միայն փափուկ են: Մինչդեռ Վերսավիան ամենաշատը սիրում է խաղալ սրտի հետ: Բժիշկները չեն շտապում վիրահատել, սպասում են, որ Վերսավիայի թոքերը մի քիչ ավելի զարգանան, արյան շրջանառությունը բարելավվի, դրանից հետո սիրտը տեղը կդնեն: Աղջկան մեծացնում է մայրը` Դարիա Մխիթարյանցը, հայրը թմրամոլ է: Առաջին վիրահատությունը փոքրիկը տարել է կես տարեկան հասակում: Վերսավիան արտառոց է, բայց միակը չէ: Այսօր Հայաստանում էլ կան արտասովոր ընդունակություններով կամ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ: Գոհար Մանուկյանը փնտրել և գտել է հենց այդպիսիններին` ալբինոսին, երկգունանի աչք ունեցողին, երկու ձեռքով երկու տարբեր պատկերներ նկարողին: Մի խոսքով, դիտեք ու վայելեք, թե որքան արտառոց կարող է լինել մարդ արարածը:
Զույգ աչքերով զույգ պատկեր` Պետրոսն ամեն ինչ ու բոլորին միանգամից 4 պատկերով է տեսնում: Որն է անիրականն ու իրականը, շողքն ու ստվերը` նա ոչ միայն հասցրել է գտնել հարցերի պատասխաններն, այլև միաժամանակ, երբ խոսում է զրուցակցի հետ ֆոտոշոփ մոտնաժ է անում:
— Կենդանի ֆոտոշոփ է, 2 մարդ են քայլում, կարող եմ մոտեցնել, իրար վրա փոփոխություններ անել կամ մի մարդու գլուխը հանել մյուսով փոխարինել,- ասում էՊետրոս Մուրադյանը:
Վերջին անգամ բժշկի դուռ Պետրոսը մեկ տարի առաջ էր թակել ու երդվել` էլ չի բացելու: Սակայն ռեալիթի հետազոտություն նախաձեռնության հեղինակ Հատուկ ռեպորտաժի խմբին նա չմերժեց, կամավոր-ակնաբույժ` Մալայան: Պետրոսի աջ աչքն ավելի հետ է` հենց միայն այդ փաստը բավական է, որ երիտասարդի մոտ քսերոքս տեսողություն առաջանա: Հատկապես որ դպորցն ավարտելուց հետո Պետրոսը գրքերը չի փակել` ավելին կրկնապատկել է ուսումնառության ժամերը: Հրաշքին սպասելու հետ միասին ակնաբույժը Պետրոսին նշանակում է ակնոց` գուցե ակնոցն օգնի Պետրոսին 2 աչքով տեսնել 1 պատկեր:
Աշխարհը ոչ թե կրկնակի, այլ 2 գույնի` Լուսինեն լույս աշխարհ է եկել հենց այսպես` 2 աչքերով և 2-ն էլ տարբեր գույներով: Գունավոր աչքերը պոպուլյար են հատկապես համալսարանի շրջակայքում` համեղ ձեռքերով մեր օրերի էլիզաբեթ Թեյլորը պակաս հայտնիություն չունի Աբովյան փողոցում: Նրան մեկ անգամ տեսնող էլ երբեք չի մոռանա:
Եթե օրգանիզմում պիգմենտների սակավությունն աչքի տարբեր գունավորում կարող է առաջացնել, ապա դրանց պակասությունը ծնում է սպիտակ մարդ: Ալբինիզմը գենային մուտացիայի արդյունք է: Ակտիվ և առանց կոմպլեքսների սպիտակ խալաթավոր ալբինոսը երկար ժամանակ աշխատել է համալսարանի ամբիոններից մեկում: Ոչ ֆիզիկական ու ոչ էլ մտավոր արատներ, նրանք մարդկանցից տարբերվում են միայն մաշկի, մազերի ու թարթիչների գույնով:
Երանի միայն նկարած սրտերից տարբերվեր Մելսի սիրտը: Բժշկական ամենասակավ հանդիպող դեպքերից` աջասրտությունն իսկական բացահայտում էր Մարտիրոսյանների համար: Ոչ ընտանիքում, ոչ էլ ամբողջ ցեղում ոչ ոքի սիրտն աջ մասում չէ` արդեն հարցուփորձ արել ու համոզվել են` Մելսը միակն է: Սրտաբանի պրակտիկայում աջասրտությունը հազվադեպ երեւույթ է, նույնիսկ դեմքերով ու մեկ առ մեկ հիշում է նրանց: Մոռանալն անհնար է, բժշկական թեթեւ միջամտությունը կրկնակի դժվարություն է առաջացնում:
— Տեխնիկական դժվարություններ կան, քանի որ ամեն ինչ հայելային է,- բացատրում է սրտաբան Շահեն Խաչատրյանը:
Հայելային` այսինքն օրգանների դասավարությունն ամբողջությանմբ հակառակն է` աջ մասում է ոչ միայն սիրտը: Օրգանների աջատեղակայման դեպքում, լյարդը փնտրեք ճիշտ հակառակ կողմում:
Հայ ամենահայտնի ծաղրանկարչուհին ապրում է Վիեննայում, ամուսինը տեղացի է: Նրան հայտնություն բերեցին միաժամանակ 2 ձեռքերով աշխատելը` 2 ձեռքեր և 2 տարբեր պատկերներ` նույն ընթացքում: Ռուսական ռեկորդների գրքերում` 2000-ին, 2005թ-ին` միայն Ագնեսայի անունն է գրանցված որպես ռեկորդակիր:
Հենց յուրահատկություններն են մարդկանց տարբերում մեկը մյուսից, քեզ առանձնացնում մոխրագույն միջավայրից և դարձնում արտասովոր` երբեմն խենթ ու խելառ, երբեմն սև ու սպիտակ, տարբեր հայացքներով ու չափազանց բացառիկ, ունիկալ ու եզակի նմուշ ողջ երկրագնդում ու համայն մարդկության աչքերում: